Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերարտադրողական առողջություն

Ի՞նչ անելիքներ կան Հայաստանում։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նրա մասնակցությամբ երեկ Երեւանում մեկնարկեց «Վերարտադրողական առողջության ժամանակակից տեսակետները» VII համաժողովը՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ։


Ողջունելով համաժողովի մասնակիցներին, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից ժամանած ճանաչված առաջատար մասնագետներին, ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանն ասաց. «Վերարտադրողական առողջության բարելավման խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության ներքո եւ մենք շարունակաբար ջանքեր ենք գործադրում այս ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Չնայած վերջին տարիներին ծննդօգնության ոլորտում արձանագրված մեր հաջողություններին, ծնունդների թվի աճին, այնուամենայնիվ, դեռեւս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումը կստանան նաեւ այսպիսի համաժողովների միջոցով»։


Նախարարը նաեւ շեշտեց, որ մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի եւ ՀՀ կառավարության ուշադրության ներքո։


«Առողջապահության նախարարությունը շարունակելու է դեպի այս ոլորտն ուղղել նաեւ հասարակական կազմակերպությունների ակտիվ ջանքերը եւ մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Վերարտադրողական բժշկությունը, մասնավորապես՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, ներդրվել են նաեւ Հայաստանում, եւ մենք այդ առումով որոշակի փորձ ունենք։ Դրանում անուրանալի ավանդ ունի իմ լավ բարեկամ, խոշոր գիտնական եւ հասարակական գործիչ Ռենե Ֆրիդմանը։ Նրա անմիջական աջակցությամբ բազմաթիվ հայ բժիշկներ վերապատրաստվել են Ֆրանսիայում»,–ասաց Հարություն Քուշկյանը։


Նա ՀՀ առողջապահության նախարարության կողմից պրոֆեսորին պարգեւատրեց Ոսկե հուշամեդալով։ Ռենե Ֆրիդմանը Փարիզի 5-րդ համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բնագավառի ռահվիրաներից մեկը։


Նա Ֆրանսիայում արհեստական բեղմնավորման եղանակով լույս աշխարհ եկած առաջին երեխայի գիտական «հայրն» է։ Սաղմի տեղափոխման Ֆրիդմանի կատետորները լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում։


ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը եւս վկայեց, որ դեռ 1994 թ., երբ ֆրանսահայ բժիշկների միության հետ համատեղ նախկին հանրապետական ծննդատանը հիմնադրվեց փորձանոթային բեղմնավորման ծառայությունը, ակնհայտ էր նաեւ պրոֆեսոր Ֆրիդմանի աջակցությունը։ Նա տեղում ականատես եղավ, թե ինչպես են օգտագործվում իր հեղինակած կատետորները։
Հետագայում արհեստական սերմնավորման եւ բեղմնավորման ծառայություններ ստեղծվեցին մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, այլ բուժհաստատություններում։


«Այն, որ վերարտադրողական առողջության հիմնախնդիրները որպես գերակա ոլորտ ՀՀ առողջապահության նախարարության եւ կառավարության ուշադրության կենտրոնում են, վկայում է 2002 թ. ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության վերաբերյալ» ՀՀ օրենքը, ինչպես նաեւ 2007-ին մշակված «Վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը», ժամանակացույցը եւ 2007-2015թթ. միջոցառումների ցանկը։


Այդ ամենի շնորհիվ 2009-ին, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվեց ծնունդների թվի աճ՝ մոտ 4000-ով։ Այդ միտումը շարունակվում է նաեւ 2010-ին»,–ասաց Ռազմիկ Աբրահամյանը։


Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի կազմակերպած VII համաժողովի ընթացքում նշվեց նաեւ, որ վերարտադրողական առողջության ոլորտում ժամանակակից ախտորոշման եւ բուժման մեթոդների, մասնավորապես, լապարասկոպիայի եւ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Հայաստանում անպտղությունը կրկնակի նվազել է։


Խոսվեց ՀՀ կառավարության եւ առողջապահության նախարարի նախաձեռնության՝ առողջապահության մի շարք ծառայությունների թվում պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի վերարտադրողական առողջության բաժանմունքը անպտղության բուժման եւ վերարտադրողական առողջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու մասին։ Այդ նպատակով ինստիտուտի միջոցներով տիպային մասնաշենք է կառուցվել եւ հագեցվել նորագույն սարքավորումներով։


«Մեր նպատակն այն է, որ փորձենք վերարտադրողական առողջության վերաբերյալ նոր նվաճումները ներկայացնել մեր հայ գործընկերներին։ Սա բժշկության այն ոլորտն է, որ անընդհատ նորացվում, կատարելագործվում է։ Այն մեթոդները, տեխնոլոգիաները, որ ԱՄՆ-ում կիրառվում էին մի քանի տարի առաջ, այլեւս հնացած են։ Ամեն նորույթ կարելի է նաեւ Հայաստանում կիրառել։
Միաժամանակ տեսնենք, թե ինչ կերպ կարող ենք օգտակար լինել հայրենիքում վիճակը բարելավելուն։ Այս բուժումները բավական թանկ են եւ ֆինանսական դժվարությունները միայն Հայաստանում չեն։ Անգամ ԱՄՆ-ում կա։ Միասին կքքնարկենք եւ կփորձենք ճիշտ լուծումներ գտնել», —  ասաց Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ընկերության նախագահ, Լոս Անջելեսի «CHA» հանրահայտ կլինիկայի բժշկական տնօրեն Վիգեն Սեպիլյանը։


Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը, ներկայացնելով Հայաստանում վերարտադրողական բժշկության հեռանկարները ազգային առողջապահության տեսանկյունից, անդրադարձավ նաեւ աշխարհում տիրող իրավիճակին։


Նա նշեց, որ 2008-ին այս առթիվ երկու կարեւոր իրադարձություններ եղան։ Առաջինը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անպտղությունը համարվեց հիվանդություն։ Իսկ դա նշանակում է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում այն պետք է ընկալվի որպես սոցիալական վիճակ՝ հետեւաբար եւ ֆինանսավորվի կամ ընդգրկվի ապահովագրական ծրագրերում։
Երկրորդը՝ Եվրախորհրդարանը վերարտադրողական բժշկության բարելավմանն ուղղված օրենք ընդունեց։ Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է։ Բավական է ասել, որ 18-44 տարեկան վերարտադրողական տարիքի բնակչության 16,4%-ն անպտղությամբ է տառապում (աշխարհում՝ միջինը՝ 10-15%)։ Այսինքն՝ յուրաքանչյուր 6-րդ զույգը մեզանում անպտղության խնդիր ունի։ Վերարտադրողական ծրագրերն ամենուր իրականացվում են թանկարժեք տեխնոլոգիաներով, նյութերով, հետազոտություններով, դեղամիջոցներով ու մեթոդներով։ Եւ եթե պետությունը կամ բժշկական ապահովագրությունը չի փոխհատուցում, իսկ ընտանիքը գումար չունի, ապա այդ բուժումը գործնականում չի կարող ստանալ։ Այդ իսկ պատճառով Հայաստանում սա դարձել է էլիտար բժշկություն։ Մինչդեռ Հայաստանի վերարտադրողական բժշկության ասոցիացիայի կատարած ուսումնասիրություններով ու հաշվարկներով մեր երկրում ամեն տարի մոտ 9 հազար զույգ արտամարմնային բեղմնավորման կարիք ունի։ Պրոֆեսորն առաջարկեց ստեղծել հիմնադրամ՝ անապահով ընտանիքներին աջակցելու համար։    Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած ճանաչված մասնագետները, նրանց թվում՝ Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» վերարտադրողական կլինիկայի տնօրեն, մարդու վերարտադրողական եվրոպական եւ ՌԴ ասոցիացիաների անդամ Էմմա Վարդանյանը, Հայաստանի վերատադրողականության խնդիրներով զբաղվող մասնագետներին ծանոթացրին ոլորտի վերջին նվաճումներին։


Այս համաժողովով մեկնարկեց բարեգործական ուղղվածություն ունեցող մի ծրագիր, որի նպատակն է Հայաստանում մատչելի դարձնել վերարտադրողական թանկարժեք բժշկությունը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ